ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի դատախազների պայմանավորվածությունները պահպանելու խնդիր կա. Դավթյան

Արթուր Դավթյան
Դավթյանը կարևորել է, որ հրադադարի հանցավոր խախտումների և դրանց հետևանքների համատեղ հետաքննության, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ֆորմատները ձևական չդառնան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպմանը բարձրացրել է նախորդ տարի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Դավթյանը մասնավորապես կարևորել է, որ հրադադարի հանցավոր խախտումների և դրանց հետևանքների համատեղ հետաքննության, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ֆորմատները ձևական չդառնան։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ չնայած Ադրբեջանում պահվող բոլոր անձանց և ռազմագերիների անվերապահ վերադարձը տարածաշրջանային խաղաղության, անվտանգ գործակցության առանցքային գործոն է: