Հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Բելառուսի ԱԽ պետքարտուղարը. ի՞նչ հարցեր են քննարկել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ
Ալեքսանդր Վոլֆովիչը Արմեն Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, որը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն ընդգծել է Մինսկի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական ապրանքաշրջանառության ծավալները։
Հանդիպման վերջում Վոլֆովիչը Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։
Հիշեցնենք` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը կայանալու է Երևանում հունիսի 17-ին։