ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, թե ինչպես է վաստակել իր ունեցվածքը։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
Ըստ շրջանառվող լուրերի` Արշակյանի` 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ Դավթաշեն վարչական շրջանում ունի 2 բնակարան, բանկային հաշվին եղած մնացորդը կազմել է 2 մլն 220 հազար դրամ, կանխիկ դրամը՝ 4500 դոլար: Իսկ մինչ 2018-ը նա որպես սեփականություն հայտարարագրել է «Mercedes-Benz»-200 մակնիշի ավտոմեքենա և 30 մլն դրամ։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ սկսած 2010 թվականից` աշխատել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկում, իսկ 2014 թվականից ղեկավարել եմ նույն ընկերության տարածաշրջանային գործընկերների ծրագիրը։ Այն ընդգրկում էր Հնդկաստան, ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա տարածաշրջանը և ստացել եմ համապատասխան վարձատրություն, որը շատ ավելին էր, քան իմ այժմյան աշխատավարձն է»,- գրել է Արշակյանը։
Նրա խոսքով` շատերի մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպես են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել, չէ՞ որ նախկինում դրամական միջոցները, անշարժ գույքը հայտնվում էին պաշտոնին զուգընթաց։
Արշակյանը հիշեցրել է, որ արդեն իսկ գործարկված է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, և պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին։