ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ձերբակալել է երկրի ԶՈւ-ի օդային գործողությունների մասին Քրդստանի աշխատավոր կուսակցության անդամներին իրազեկելու մեջ կասկածվող անձանց։ Տեղեկությունը հայտնում է «Yeni Şafak» թերթը։
«Կասկածյալները նախազգուշացրել են ՔԱԿ-ին` հայտնելով գործողության համար օդ բարձրացած F-16–երի մասին։ Ստուգումների ընթացքում պարզվել է, որ կազմակերպությունում տարբեր ծրագրեր մշակող 21 կասկածյալ է գործել», - գրում է պարբերականը։
Նշվում է, որ նույն նպատակով գործունեություն է ծավալել «Jin News» լրատվական գործակալությունը։
«Կասկածյալները կազմակերպությանն իրազեկել են նաև ահաբեկչական կազմակերպությունների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի սկսած օդային գործողությունների մասին»,- գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը վերսկսվել է 2015 թվականին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԶՈւ-ն հակաահաբեկչական գործողություն կսկսի երկրի սահմաններին, շուտով այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացվի։ ԶԼՄ-ների տվյալներով` գործողությունները կանցկացվեն Սիրիայի 4 շրջաններում։