ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը փորձում է Կենտրոնական բանկին համոզել զսպել գնաճը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց` Կենտրոնական բանկը չի նվազեցնում դրամի փոխարժեքը, քանի որ մտավախություն ունի, որ դոլար գնելն ու դրամը շուկա բերելը կհանգեցնի գնաճի։ «Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որը հարմար կլինի արտահանողների համար»,– ասաց նախարարը։
Քերոբյանի խոսքով` ռուսական շուկայում գործող արտահանողները ավելի քիչ են տուժել, քանի որ դրամ-ռուբլի հարաբերակցությունն այժմ ավելի կայուն է, քան դրամ-դոլարինը։ Բայց մյուս արտահանողները դժվարություններ ունեն։
«2000-ականների կեսերին դրամի ամրապնդումը պարզապես սպանեց մեր մշակող արդյունաբերությունը, նման բան չպետք է կրկնվի»,- ընդգծեց նախարարը։
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական դրամը կտրուկ ամրապնդվել է դոլարի նկատմամբ. եթե ճգնաժամից առաջ փոխարժեքը գտնվում էր 470-480 մակարդակում, իսկ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողության սկզբում ցատկեց` հասնելով 520-ի, ապա հետո սկսեց նվազել արտարժույթի ներհոսքի ֆոնին։ Արդյունքում դրամի փոխարժեքը բարձրացավ մեկ դոլարի դիմաց 420-430–ի։ Դրամի ամրապնդումը էժանացնում է ներմուծումը, իսկ արտահանումը` թանկացնում, ինչն անհանգստացնում է ձեռներեցներին։