ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Մոտ ժամանակներում Լարսի անցակետից քիչ հեռու նոր անցակետ կտեղադրվի։ Այսօր ԱԺ նիստում, պատասխանելով Լարսի անցակետում առաջացած խնդիրների մասին հարցին, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«ՌԴ–ի հետ հետևյալ պայմանավորվածությունն ունենք. մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որը օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել»,– ասաց Սանոսյանը։
Այս լրացուցիչ անցակետի շնորհիվ, նախարարի խոսքով, Լարսում առկա խնդիրը որոշակի կմեղմվի, հատկապես, որ ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի բեռանափոխադրողները դրանից արտոնյալ պայմաններով կօգտվեն։
Ինչ վերաբերում է Լարսի անցակետում ներկա պահին առկա իրավիճակին, ըստ Սանոսյանի, խնդիրը վերջին օրերին սրվել է հատկապես միրգ–բանջարեղենի արտահանումների սեզոնի հետ կապված։ Իսկ հակառակ` ՌԴ–ից Հայաստան բեռնափոխադրումները, նրա բնորոշմամբ, գրեթե խնդիրների չեն բախվում։
«Մենք ժամանակին խնդիր ունեինք նաև ՌԴ–ից դեպի Վրաստան անցնելու ուղղությամբ, որտեղ գրեթե արդեն խնդիր չկա։ Վատագույն դեպքում 1 օր են մեքենաներն այնտեղ մնում»,– ասաց նախարարը։
Մինչդեռ հակառակ ուղղությամբ կուտակված հազարավոր մեքենաների մեջ հայկական բեռնափոխադրողների բեռնատարները, ըստ Սանոսյանի, 400-500 են։
Մինչ լրացուցիչ անցակետի բացումը ռուսատանցի ու վրացի գործընկերները բոլոր ջանքերը գործադրում են հայ բեռնափոխադրողներին աջակցելու համար, ընդգծեց ՏԿԵ նախարարը։
Նրա խոսքով` 400 ավտոմեքենայի թողունակությամբ անցակետն այսօր օրական 700 ավտոմեքենա է սպասարկում, ինչն ինքնին արդեն խոսուն փաստ է։