ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Խաղողագործության ոլորտում խնդիրները պետք է լուծել հենց հիմա՝ չսպասելով մթերման սեզոնի մեկնարկին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյան
© Sputnik / Zara Mika
Նրա խոսքով՝ խաղողի ինքնարժեքը զգալիորեն աճել է, համապատասխանաբար, մթերման գինը նույնպես պետք է բարձրացվի։
«Դիզվառելիքը մեկ լիտրի համար արդեն արժե 670 դրամ, իսկ պարարտանյութի պարկի գինը՝ 22 հազար։ Զգուշացնում եմ, հենց հիմա պետք է սկսել ինքնարժեքի հաշվարկն ու մթերումների պլանավորումը։ Այլապես անխուսափելիորեն խնդիրներ կառաջանան, և ֆերմերները, ինչպես և նախորդ տարիներին, բողոքի ակցիաներ կանցկացնեն»,- ասաց Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ ՊՈԱԿ-ը վերջին 3 տարում պետք է զբաղվեր հանրապետության խաղողագործական մարզերում խաղողի այգիների տարածքների ու քանակի հաշվառմամբ: Մինչ օրս հայտնի չէ, թե ով, որտեղ և որքան խաղող է աճեցնում։ Բացի այդ, փորձագետը դժգոհեց պետական մակարդակով բերքի պլանավորման բացակայությունից։
Տնտեսական և վարչական բոլոր խնդիրներին գումարվում է նաև վնասատու խաղողի ֆիլոքսերի տարածման վտանգը, որը, ըստ նախկին փոխնախարարի, կարող է շարքից հանել խաղողի այգիների հազարավոր հեկտարներ:
Ինչ վերաբերում է պարարտանյութերի ձեռքբերման հարցում ֆերմերներին աջակցելու պետական ծրագրին, նախկին փոխնախարարը կոչ արեց իշխանություններին հրապարակել տվյալներ այն մասին, թե ընտրված 14 ընկերությունից որն է պարարտանյութեր ներմուծել Հայաստան, ինչ որակի են դրանք եղել և որտեղ են իրացվել: