Ինչո՞ւ է քանդվել ամիսներ առաջ նորոգված Տաթև-Աղվանի ճանապարհը. Սանոսյանի պարզաբանումը

Գնել Սանոսյանը նշում է, որ այժմ Տաթև-Աղվանի ճանապարհին շինարարություն է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ամիսներ առաջ նորոգված Կապան-Տաթև ճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը քանդվելու հարցում բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական ճանապարհի շինարարությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Նշենք, որ Տաթև-Աղվանի ճանապարհը եկել է փոխարինելու Գորիս-Կապան ճանապարհին:
«Ճանապարհների որակի հետ կապված երկու պատասխանատու կա, որից մեկը պատվիրատուն է` ի դեմս պետության և նախարարության, մյուսը` շինարարները։ Հիմա Տաթև-Աղվանիում ճանապարհի քանդման հարցում բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան, որոնցից մեկը տարածքի կառուցվածքն է։ Սյունիքի մարզի պատգամավորներին հարցրեք, թե ինչ բարդ ռելիեֆ է այնտեղ, ինչ կավային շերտեր են»,–ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` ճանապարհը քանդվելու մյուս պատճառն էլ այն է, որ նորոգված 3 կտորներից մեկը նախատեսված չի եղել ծանր բեռնատարների համար, իսկ մյուս 2 կտորը կառուցվել է բավական արագ` տրանսպորտային երթեկությանը զուգահեռ։ Այսպիսով, ըստ նախարարի, աշխատանքներն ավարտական տեսքի չեն բերվել` ասֆալտապատման վերջին շերտը չի արվել։
Հիմնանորոգվում է վերջին անգամ 1980-ականներին նորոգված Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը
Սանոսյանը վստահեցնում է` ճանապարհաշինարարական ընկերությունները չեն վարձատրվել, քանի որ աշխատանքը չի ավարտվել։ Նրա խոսքով` այժմ տեղում շինարարություն է ընթանում. 2 ընկերության համար նախատեսված հատվածից 1 կիլոմետր է մնացել, որ նորոգեն, իսկ մեկ այլ ընկերություն էլ տեխնիկան է բերում, որ սկսի նորոգումը։