Բանակի հրամանատա՞ր, թե՞ քաղաքական գործիչ. ի՞նչ կտան ՀՀ-ում ռազմական բարեփոխումները

ՀՀ կառավարությունը մտադիր է փոխել բանակային աստիճանակարգի սխեման և ԳՇ պետին վերադարձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակը։ Մենք փորձեցինք պարզել այս համակարգի դրական և բացասական կողմերը։
Sputnik
Կրկին լսում ենք ՀՀ ԶՈւ-ում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների մասին։ Կառավարությունը մի քանի օր առաջ որոշեց հաստատել «Պաշտպանության մասին» օրենքում արված փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների` առաջարկվում է բանակի ղեկավարության գործունեության վերաբերյալ մի շարք ուղղումներ մտցնել։ Առավել քննարկվող ու աղմկահարույց բարեփոխումը կապված է ԳՇ պետի պաշտոնի հետ. այսուհետ նա կլինի նախարարի առաջին տեղակալ։ Եվս մեկ նորարարություն կլինի այն, որ ռազմական գնումներով կզբաղվի բացառապես պաշտպանության նախարարությունը. ԳՇ-ն և նրա ստորաբաժանումները լիովին ազատված են դրանից և կզբաղվեն միայն զորքի մարտական պատրաստությամբ։

Հետ` դեպի ապագա...

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ապագա կարգավիճակը, որը կշնորհվի ԳՇ պետին, առավել ակտիվ քննարկման առարկա դարձավ։ Շատերը նշում են, որ ԳՇ պետը փաստացի քաղաքական կերպար է դառնում։ Այսպես է, օրինակ, կարծում նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինս ավելի վաղ քննադատության էր ենթարկել առաջարկվող փոփոխությունները։ Ըստ նրա` բարեփոխումները նախևառաջ վտանգավոր են նրանով, որ այսուհետ բանակի հրամանատար է լինելու նախարարը, որը քաղաքական թիմի անդամ է և կարող է ռազմական ոլորտի փորձ չունենալ։ Նրան հեռակա հակադարձեց ներկայիս պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, որը հայտարարեց, որ ԳՇ-ն այսօր էլ նախարարության ենթակայության ներքո է։ Սարգսյանը համաձայն չէ, որ քաղաքացիական նախարարը ղեկավարի պրոֆեսիոնալ զինվորականին։
Հանրապետությունում, ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն է։ Այն համակարգը, որի դեպքում ԳՇ պետը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է, Հայաստանում արդեն գոյություն է ունեցել մինչև 2009 թվականը։ Այն ժամանակ նախարարը Օհանյանն էր, իսկ ԳՇ–ն գլխավորում էր Յուրի Խաչատուրովը։ 2009 թվականին «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ արվեցին, որոնց համաձայն` ԳՇ-ն ինքնուրույն միավոր դարձավ։ Սակայն այսօր կրկին որոշում է կայացվել վերադառնալ նախկին ռազմական հիերարխիային։ Փոփոխությունները բացատրելով` իշխանությունները սահմանափակվում են ընդհանուր ձևակերպմամբ, ըստ որի` դրանք արվում են «որակի բարելավման և կառավարման արդյունավետության» նպատակով։

Իսկ ի՞նչ են ասում մասնագետները

Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը կարծում է, որ ԳՇ պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դարձնելը ժողովրդավարության տեսանկյունից հետընթաց է նշանակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտարարեց, որ զարգացած ժողովրդավարական ինստիտուտներ ունեցող երկրներում հստակ «աշխատանքի բաժանում» և քաղաքացիական վերահսկողություն կա բանակի նկատմամբ։
Նրա խոսքով` պաշտպանության նախարարությունը մշակում և իրականացնում է պաշտպանական քաղաքականությունը, իսկ ԳՇ-ն զբաղվում է բացառապես ԶՈւ-ի զարգացմամբ։ Բանակի նկատմամբ քաղաքացիական հանրության վերահսկման գլխավոր չափանիշն էլ ՊՆ-ում ԶՈւ ներկայացուցիչների բացակայությունն է։ Պաշտպանական գերատեսչությունում նստած են քաղաքական ղեկավարության կողմից նշանակված անձինք, որոնք կոնկրետ խնդիրներ պետք է կատարեն։

«Անկեղծ ասած` դժվարանում եմ ասել, ինչու է նման որոշում կայացվել։ Բայց դա միանշանակ ռեգրես է։ Եթե խնդիր է դրվում բարելավել կառավարումը, հաշվի առնելով 44-օրյայի ժամանակ բացահայտված բազմաթիվ թերությունները հենց կառավարման ոլորտում որոշումների ընդունման հետ կապված, ապա պետք է բարեփոխել համակարգն ընդհանուր առմամբ, իսկ նախարարին ԳՇ պետին ենթակա դարձնելը ոչինչ այդ առումով չի փոխում»,- ասում է Ներսիսյանը։

Նա համոզված է, որ ԳՇ պետը ևս պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակում քաղաքական կերպար է դառնում։ Իսկ դա նշանակում է բանակի մասնակցություն քաղաքական գործընթացներին, և ռիսկ է առաջանում, որ ԶՈւ-ն կկորցնի իր քաղաքական չեզոքությունը։
Ինչպես վերը նշվեց` ԳՇ պետի կարգավիճակի փոփոխումը նախատեսվում է իրականացնել «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ճանապարհով։ Մեր զրուցակիցը, սակայն, չի բացառում, որ Սահմանադրական դատարանն այդ փոփոխությունները Սահմանադրությանը հակասող կճանաչի։ ՀՀ մայր օրենքը ԶՈւ-ի բավական հստակ չեզոքություն է սահմանում` արգելելով նրան միջամտել քաղաքական հարցերին։
Քաղաքագետը չի բացառում, որ բանակի կառավարման նոր մոդելը քաղաքական ենթատեքստ ունի
Ըստ էության` որպեսզի ՍԴ-ն ընդունի փոփոխությունները, անհրաժեշտ է փոփոխությունն անել հենց Սահմանադրության մեջ։ Արդյոք կլինի՞ նման սցենար, Ներսիսյանը դեռ դժվարանում է կանխատեսել։

Գործարար գեներալներ

Սակայն չի բացառվում նաև, որ կարճաժամկետ հեռանկարում բարեփոխումներն իսկապես օգուտ կբերեն։ Կարգավիճակի փոփոխումը կօգնի հստակ ուղղահայաց կառուցել ԶՈւ-ի կառավարումը։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ ուղղահայացը զգալիորեն կորսվել էր, ինչն առավել ակնհայտ է դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ այս հարցում իր դերն է ունեցել նաև հրամանատարների (որոնք ենթարկվում էին ԳՇ պետին, - խմբ.) մասնակցությունը զենքի գնման գործընթացին, նրանց ներգրավվածությունը տարբեր բիզնես նախագծերում։
Այլ կերպ ասած` զորահրամանատարները հաճախ զբաղվում էին ամեն ինչով, բացի սեփական առաջնահերթ գործառույթների անմիջական կատարումից։ Իսկ եթե սրան գումարենք նաև այն, որ ՊՆ կազմում արդեն իսկ գործում է նյութատեխնիկական ապահովման բաժին, այսինքն` մարմին, որը գնումների անմիջական պատասխանատուն է, ապա բավական քաոսային իրավիճակ ու խառնաշփոթ է ստացվում։ Ընդունված փոփոխություններն այժմ կարող են էապես փոխել իրավիճակը։

Նախարարն ավելին է, քան ուղղակի նախարարը...

Քաղաքագետ Դավիթ Հարությունովը նշում է, որ ռազմական հիերարխիայի փոփոխումն ընդամենը բանակային բարեփոխումների մի մասն է, այդ շղթայի մի օղակը, իսկ այդ բարեփոխումների ընդհանուր պատկերը դեռ մինչև վերջ պարզ չէ։

«Ակնհայտ է, որ այս փուլում կարող ենք խոսել մոդելի փոփոխման մասին։ Գործող համակարգը ներդրվել է 2000-ականների վերջին և ինչ-որ առումով կրկնում է արևմտյան մոդելը։ Սակայն մեզ մոտ այն չէր գործում։ Որքան էլ նախարարը քաղաքական կերպար լիներ, նա այսպես թե այնպես միջամտում էր բանակի կառավարմանը։ Չեմ բացառում, որ այժմ որոշվել է վերանայել այդ համակարգը և բարձրացնել նախարարի դերը բանակի օպերատիվ կառավարման հարցում»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունովը։

Փորձագետը հիշեցրեց, որ ռուսական մոդելի համաձայն` բանակի բարեփոխման ծրագրերի մասին խոսվում է դեռ նախորդ տարվանից։ Իսկ համակարգը, որում ԳՇ պետն առաջին փոխնախարար է, գործում է նաև ռուսական բանակում։
Հատկանշական է, որ ԳՇ պետին պաշտպանության նախարարին ենթակայեցնելն իշխանությունները որոշել են նախկին պետի` Օնիկ Գասպարյանի արարքից մոտ մեկ տարի անց։ 2021 թվականի փետրվարին գեներալը 40 բարձրաստիճան զինվորականների հետ միասին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետն այդ արարքը ռազմական հեղաշրջման փորձ անվանեց և Գասպարյանին ազատեց պաշտոնից։
Ե՞րբ կնշանակվի ԳՇ պետը. Պապիկյանը ներկայացրել է բանակի կառավարման նոր մոդելը
Քաղաքական ղեկավարությունն ուզում է հետագայում բացառել նման փորձերը, և բանակային ղեկավարությանը «ինքնավարությունից» զրկելը լիովին այս տրամաբանության մեջ է։

«Հասկանալի է, որ նախորդ տարվա իրադարձությունները որոշակի հետք են թողել քաղաքական ղեկավարության գիտակցության մեջ, և բանակում կայացվող բոլոր որոշումները միտված են ապագայում գեներալների կողմից նման ինքնագործունեությունները բացառելուն։ Ի դեպ` ժամանակին իշխող էլիտայի առանցքային կերպարներից մեկին` Սուրեն Պապիկյանին նախարար նշանակելը ևս լուծում էր այս խնդիրը»,- հավելեց Հարությունովը։

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը հակված չէ ներկայիս կառուցվածքային բարեփոխումները դիտարկել որպես վերջնական լուծում։ Նրա խոսքով` բանակի արդիականացումը, մարտունակության բարձրացումը կախված են մի շարք այլ գործոններից, որոնք կապ չունեն ռազմական հիերարխիայի հետ։
Բայց սա արդեն առաձին զրույցի թեմա է։