19-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով

Կադր «Ամերիկացի» ֆիլմից
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
Մայքլ Գյուրջյանը հայկական արմատներով գրող, ռեժիսոր, դերասան է, ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում:
2022 թվականի հայ-ամերիկյան համատեղ արտադրության «Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է։ Օպերատորն է Գասեմ Էբրահիմյանը, երաժշտության հեղինակն Անդրանիկ Բերբերյանն է։
Հայտնի է` ով կլինի այս տարվա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը
Դերերում հանդես են եկել Մայքլ Գյուրջյանը, Հովիկ Կեուչկերյանը, Նելլի Ուվարովան, Միխայիլ Տրուխինը և այլք։
Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման:
Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:
Նշենք, որ ֆիլմը ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կանցկացվի հուլիսի 10-17-ը։