Զբոսաշրջիկների ներհոսք կլինի, բայց... Հայաստանն ու Վրաստանը նույն խնդիրներին են բախվել

Զբոսաշրջիկներ
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հյուրերը խոսել են զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Զբոսաշրջային ոլորտի մասնագետները Հայաստանում ու Վրաստանում ցուցանիշների 90%-անոց վերականգնում են կանխատեսում` միաժամանակ նշելով, որ երկու երկրներում էլ նույն խնդիրներն են առաջացել Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիների ներհոսքի հետևանքով:
Զբոսաշրջության փորձագետ, «Vizit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում խոսեց բնակարանների մեծ պահանջարկի մասին, ինչը բառի բուն իմաստով գների «տիեզերական» աճի է հանգեցրել, այդ թվում` տեղի բնակիչների համար:
«Մեզ մոտ սկսել են զանգվածաբար բնակարաններ վարձել, բարձրացել են ոչ միայն վարձակալության, այլև ծառայությունների գները։ Բոլոր ռեստորաններում, հանրային սննդի կետերում մեծ թվով հաճախորդներ կան, և այդ հաստատություններում գներն աճել են միջինը 10-20 տոկոսով»,- ասաց նա։
Նա դրական գնահատեց այն փաստը, որ ոչ զբոսաշրջային նպատակով եկող անձինք գումար են ծախսում մեր երկրում, ինչը դրական է ազդում ՀՆԱ-ի վրա։ Գևորգյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ Հայաստանը կկարողանա հասնել զբոսաշրջության` գոնե 2018-ի ակտիվության ցուցանիշներին, քանի որ այս տարի ԱՊՀ երկրների զբոսաշրջիկների շրջանում պահանջված ուղղություններից մեկն է դարձել։ Նա նաև նշեց, որ Վրաստանի ուղղությամբ զբոսաշրջային փաթեթների վերաբերյալ հարցումների աճ կա։
Վրաստանի GTA զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ, Վրաստանի կոնվենցիայի բյուրոյի անդամ, «Check-in Travel» տուրիստական ընկերության սեփականատեր Իյա Գեդևանիշվիլին էլ ասաց, որ Վրաստանում իրավիճակը նույնն է, ինչ Հայաստանում, միայն մեկ վերապահումով, որ ՀՀ–ում սպասարկման մակարդակն ավելի լավն է:
«Արտասահմանցիները շատ են, և նրանք ոչ թե զբոսաշրջիկներ են, այլ ԱՊՀ երկրների քաղաքացիներ, որոնք ժամանակավոր բնակություն են հաստատել երկրում», - ասաց Գեդևանիշվիլին:
Նրա խոսքով՝ այցելուների նման հոսքը բարդացնում է զբոսաշրջության ոլորտի վիճակը։ Բանն այն է, որ երկիր են ժամանել վճարունակ քաղաքացիները, որոնք տներ, հոսթելներ, հյուրանոցներ են ամրագրել, ամեն օր ռեստորաններ և սրճարաններ են այցելում։
Գեդևանիշվիլին պարզաբանեց, որ դա լավ է երկրի ու տնտեսության համար, բայց ենթակառուցվածքների հարցում որոշակի դժվարություններ է առաջացնում: Բացի այդ, օտարերկրացիների նման ներհոսքն ազդում է ծառայությունների ոլորտի գների վրա։
Նա նշեց, որ Վրաստանի սևծովյան ափի հայտնի հանգստավայրերի գրեթե բոլոր հյուրանոցներն ու տներն արդեն լեփ–լեցուն են: Նա որպես այլընտրանք առաջարկեց օգտվել վրացական այն հանգստավայրերից, որտեղ զբոսաշրջիկների հոսքը քիչ է, կամ էլ հանգստանալ Կվարիատիում, Գոնիոյում, Շեկվեթիլում։
Ինչ վերաբերում է համավարակային սահմանափակումներին, ապա Վրաստանն արդեն հանել է դրանք։ Գլխավորը պարտադիր պահանջը մեկն է` դիմակ դնել բժշկական կենտրոններում և հասարակական տրանսպորտում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի առաջին եռամսյակում մեր երկիր է ժամանել 250 798 զբոսաշրջիկ, ինչը 3 անգամ շատ է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 2021 թվականի արդյունքներով` Հայաստան է ժամանել ընդամենը 816 660 զբոսաշրջիկ։ Հիմնական հոսքը ձևավորել են Ռուսաստանից (375 930), Իրանից (85 310), Վրաստանից (57 713) և ԱՄՆ-ից (30 494) եկած զբոսաշրջիկները։ Զբոսաշրջային ակտիվության տեսանկյունից ամենահաջող ամիսը օգոստոսն է եղել. այդ ժամանակ Հայաստան է այցելել 143 168 զբոսաշրջիկ։ Ամենապասիվ ամիսը հունվարն է եղել, երբ մեր երկիր է այցելել ընդամենը 23 345 մարդ։
2016թ-ին Հայաստան է ժամանել 1 290 810 մարդ, 2017թ-ին այդ ցուցանիշն ավելացել է՝ հասնելով 1 565 167-ի ։ 2018թ-ին ՀՀ է այցելել 1 687 285, 2019-ին՝ 1 926 353 մարդ։
2020 թ-ին կորոնավիրուսային համավարակի պատճառով այցելուների թիվը կրճատվել էր 6 անգամ՝ ընդամենը 375 216 մարդ: