ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 2022թ-ի համար նախկինում արված տնտեսական կանխատեսումները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Այսպես` ՀՆԱ-ի աճը կանխատեսված 1.6 տոկոսի փոխարեն ԿԲ-ն բարձրացրել է 4.6 տոկոսի։
«Դրան նպաստել են արդյունաբերության, շինարարության ու ծառայությունների ճյուղերի ցուցանիշների վերանայումները` հիմնականում պայմանավորված միջազգային այցելուների` Հայաստանում գտնվելու հանգամանքով, ինչպես նաև կարճաժամկետ հատվածում ՌԴ տնտեսության ոչ այնքան վատ դրսևորումներով, որքան որ մենք ակնկալում էինք սկզբում»,- ասաց Գալստյանը։
Այս համատեքստում,ՀՀ ծառայությունների ոլորտի աճի կանխատեսումը տարվա համար նախկինում կանխատեսված 3.2 տոկոսից բարձրացվել է 7.5 տոկոսի, շինարարության ոլորտինը` 7-ից 8.9 տոկոսի, իսկ արդյունաբերության ոլորտի -4.7 տոկոսանոց անկման կանխատեսումը բարձրացվել է մինչև -1 տոկոսի։
Միակ ցուցանիշը, որը Կենտրոնական բանկը ոչ թե բարձրացրել, այլ նվազեցրել է, գյուղատնտեսության ոլորտն է։ Այստեղ, մարտ ամսվա տվյալներով, 3.8 տոկոս աճ էր կանխատեսվել, իսկ արդեն հունիսին այդ ցուցանիշը նվազեցվել է մինչև 2.7 տոկոսի։
Հարկերի հավաքագրման ոլորտում եթե նախկինում 0-ական աճ էր կանխատեսվում, ապա այժմ՝ 4 տոկոս։
Այս լավատեսական սպասումների համապատկերում (բայց և հաշվի առնելով դեռևս առկա անորոշությունները), ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԲԿ խորհուրդն այսօր որոշել էր պահպանել ս.թ. մարտին սահմանված վերաֆինանսավորման 9.25%-անոց տոկոսադրույքը նաև առաջիկա 3 ամիսների համար։