Պետական դավաճանության ևս երկու դեպք է հայտնաբերվել. բանակի մասին են տեղեկություն տվել

Նախկին զինծառայողը 2800 դոլարի և 6000 ռուբլու, իսկ պայմանագրային զինվորը 900 դոլարի դիմաց է պետական գաղտնիք համարվող տեղեկություն փոխանցել օտարերկյա գործակալներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Պետական դավաճանություն կատարելու կասկածանքով 2 անձ է կալանավորվել, տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն` մանրամասներ տրամադրելով։
Այսպես, դեպքերից մեկով նախկին զինծառայողը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և տվել իր համաձայնությունը՝ հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։
Այնուհետև հիշյալ անձն օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին նամակագրության միջոցով հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող ու ռազմական բնույթի այլ տեղեկություն։ Մասնավորապես, նա հայտնել է մարտական դիրքի տեղակայման վայրի, հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտական առաջադրանքի տվյալները, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները։ Նախկին զինվորականը լուսանկարել և ուղարկել է մարտական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները։
Նա կապ է հաստատել իր նախկին համածառայակցի հետ և փորձել ձեռք բերել ռազմական բնագավառին վերաբերող այլ տեղեկություններ, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Նախկին զինծառայողն օտարերկրյա հատուկ ծառայություններից մաս-մաս ստացել, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 դոլար և 6000 ռուբլի գումար։
Ինչ վերաբերում է հաջորդ դեպքին, ապա այս պարագայում էլ պայմանագրային զինծառայողն է կրկին սոցցանցի միջոցով ծանոթացել օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ 900 դոլարի դիմաց նույնանման ինֆորմացիա է տրամադրել։
Հավելենք, որ պատերազմից հետո ԱԱԾ–ն պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր է բացահայտել։