Իրավիճակը տհաճ է հայկական տնտեսության համար. Փաշինյանը՝ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը
Չնայած արտաքին տնտեսական բացասական ֆոնին՝ Հայաստանին հաջողվել է լավ ցուցանիշներ պահպանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին ստեղծվել է ոչ այդքան հաճելի իրավիճակ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 8.6% տնտեսական աճ, և կառավարությունը հույս ունի, որ հնարավոր կլինի պահպանել դինամիկան։
ՀՀ կառավարության ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից հետո շատ մարդիկ և բիզնեսներ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան։
Նրա խոսքով` թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են: Փաշինյանը հույս ունի, որ հայաստանյան տնտեսությունում իրավիճակը կառավարելի կլինի։
«Իհարկե, ոչ միայն Ռուսաստանի տնտեսական վիճակն է ուղղակիորեն ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա, այլ նաև գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված, օրինակ, սննդի մատակարարման, գնաճի և շատ այլ գործոնների հետ։ Բայց այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են»,– հավելել է վարչապետը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: