Հայաստանում կպատրաստեն աշխարհի ամենաերկար տոլման. 11-րդ գաստրոփառատոնի անակնկալները

Տոլմայի փառատոնը «Զվարթնոց» տաճարի տարածքում. Արխիվային լուսանկար
Գաստրոփառատոնի ընթացքում 30 տաղավարների ներկայացուցիչները կմրցեն ամենահամեղ, կրեատիվ և օրիգինալ տոլմայի պատրաստման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանում արդեն ավանդական դարձած գաստրոփառատոնի ընթացքում այս տարի կպատրաստեն աշխարհի ամենաերկար` 150 մետրանոց տոլման։ Ռեկորդը կարձանագրվի հայկական «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասաց փառատոնի համակարգող Անի Նազարյանը։
Անի Նազարյանը
Նազարյանը չբացառեց նաև, որ ապագայում նվաճումը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։

«Փառատոնն այս տարի անցկացվում է տասնմեկերորդ անգամ, այն կկայանա «Զվարթնոց» տաճարի տարածքում հունիսի 19-ին։ Կներկայացվի 30 տաղավար, որոնք հայկական ավանդական ուտեստի (տոլմայի) իրենց տարբերակները կհանձնեն ժյուրիի և փառատոնի հյուրերի դատին»,- ասաց Նազարյանը։

Միմյանց դեմ կմրցեն ռեստորանատերեր, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, խոհարարներ և անհատներ Գյումրիից ու Ծաղկաձորից: Նրանք կներկայացնեն ձկով, կարտոֆիլով, կանեփով տոլմաներ և սիրված ուտեստի այլ տեսակներ: Թիմերը կպայքարեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Գրան պրին կստանա առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը։
Այս տարի կազմակերպիչները որոշել են մի փոքր փոխել կանոնները և փառատոնի հյուրերին հնարավորություն են տվել քվեարկելու «Լավագույն տաղավար» անվանակարգում հաղթողի ընտրության ժամանակ:
Մամուլի ասուլիս Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում
11-րդ փառատոնն այս տարի նաև մշակութային լայն ծրագիր ունի․հյուրերին ցույց կտան, թե ինչպես են թխվում լավաշն ու փախլավան, ինչպես է կավից սպասք պատրաստվում, մասնագետները խոհարարի վարպետության դասեր կանցկացնեն: Այնուհետև տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն հայտնի հայ երգիչներ և երաժշտական խմբեր՝ Էրիկ Կարապետյանը, Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը և այլք։
Հայաստանն ու Իրանը բանակցում են արիական խոհանոցի փառատոն հիմնելու համար
Իր հերթին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նման միջոցառումները կարևոր են զբոսաշրջության ոլորտի կայացման համար, ինչը հատկապես արդիական է հետպատերազմյան և հետքովիդային շրջանում:
Մեխակ Ապրեսյանը
«Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում այս անկայուն իրավիճակում մենք մտադիր ենք զբոսաշրջիկներին ցույց տալ, որ Հայաստանում անվտանգ է, և որ մեր երկիրը պատրաստ է հյուրերի համար հարմարավետ և բազմազան հանգիստ ապահովել»,- ասաց Ապրեսյանը:
Նա կարևոր է համարում այսպիսի փառատոների անցկացումը, քանի որ դրանք թույլ են տալիս դիվերսիֆիկացնել զբոսաշրջային փաթեթները, ճիշտ ներկայացնել երկրի ողջ ներուժը, մշակույթը՝ իր առանձնահատկություններով, ինչպես նաև կոլորիտային և համեղ խոհանոցը:
Սեդրակ Մամուլյանը
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը ևս կարևորեց միջոցառումը՝ հիշեցնելով, որ առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել 2011 թվականին:
«Տարեցտարի փառատոնը թափ է հավաքում, դառնում ավելի հայտնի, ավելի գրավիչ։ Այս տարի նույնպես հյուրերի մեծ հոսք ենք ակնկալում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ այս տարիների լավագույն բաղադրատոմսերը հավաքվել են և ներառվել տարբեր ռեստորանների ճաշացանկերում:
Աշխարհում տոլմայի ավելի քան 80 տեսակ կա։ Հայկական աղբյուրներում տոլմայի մասին առաջին հիշատակումը թվագրվում է մեր թվարկության V դարով։