«Գնում ենք` կրկին ուժ հավաքենք». ընդդիմադիրների երթը մեկնարկեց

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Ֆրանսիայի հրապարակում ավելի ուշ կամփոփեն օրը։
Sputnik
«Դիմադրություն» շարժումն այս պահին երթ է իրականացնում Երևանում։ Շարժման անդամներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտնեց, որ այս անգամ երթը կանցնի Սարյան, Խորենացի փողոցներով, ապա Մաշտոցի պողոտայով կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ։
«Գնում ենք` կրկին ուժ հավաքենք»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հավելեց, որ Ֆրանսիայի հրապարակում ավելի ուշ կամփոփեն օրը։
Հայտնել էինք, որ Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր` վաղվանից Ֆրանսիայի հրապարակից վրանները կհանեն. ընդդիմությունը փոխում է պայքարի մարտավարությունը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Ընդդիմության ակցիաներն ու մաշված քաղտեխնոլոգիաները. ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար