ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը քննելու համար։
Պաշտպան Լուսինե Սահակյանը մինչ այդ հիմնավորեց իր միջնորդությունը` դատավոր Աննա Դանիբեկյանին ասելով, որ նա ունի երկու գործառույթ, այն է`ճշտել`
1.արդյոք Արմեն Գևորգյանը պատգամավորական մանդատ ունի, թե ոչ,
2. Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է, թե ոչ։
Սահակյանի խոսքով` արդեն 1 տարի է, ինչ Գևորգյանն անձեռնմխելիություն ունի և՛ որպես ԵԽԽՎ, և՛ որպես ԱԺ պատգամավոր։
Պաշտպանը քրեական հետապնդման հարցով դիմել է նաև ԵԽԽՎ, և վեհաժողովի նախագահը հատուկ նամակ է ուղղել տարբեր մարմիններին։
«ԵԽԽՎ նախագահն իր նամակում հստակ սահմանել է` Արմեն Գևորգյանը, ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել»,– ասաց Սահակյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ խնդրելով մերժել միջնորդությունը։
Լսելով կողմերին` դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունիսի 15-ին, ժամը 13։00-ին։