Ֆրանսիայի հրապարակում մեքենան ընթացել է վրանների ուղղությամբ. 3 անձ բերման է ենթարկվել

Ոստիկանությունից Sputnik Արմենիայի հայտնեցին, որ Ֆրանսիայի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել են «Մերսեդես» մակնիշի մեքենան և 3 անձի բերման ենթարկել։
Sputnik
Այսօր առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, Երևանի Ֆրանսիայի հրապարակում մի ավտոմեքենա երթևեկել է «Դիմադրություն» շարժման ակցիաների մասնակիցների վրանների ուղղությամբ։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Մեքենան երթևեկել է ուղիղ վրանի վրա ոստիկանների աչքի առաջ։ Վրանում քաղաքացիներ կային»,– նշում է պատգամավորը` կատարվածը բնորոշելով որպես` «հերթական սադրանք»։
Ֆրանսիայի հրապարակի վրաններում գտնվող ցուցարարները չեն տուժել:
«Այդ ամբողջ ընթացքում որևէ ոստիկան չի ֆիքսել մեքենայի համարը, որևէ ոստիկան չի կարողացել այդ անօրինական գործողությունը կասեցնել»,– ասում է պատգամավորը։
Ոստիկանությունից, սակայն, Sputnik Արմենիայի հայտնեցին, որ դեպքի պահին Ֆրանսիայի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել են «Մերսեդես» մակնիշի մեքենան և երեք անձի բերման ենթարկել կենտրոնական բաժին։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: