Արմեն Գևորգյանը կկարողանա մեկնել Ստրասբուրգ. դատարանը բավարարեց միջնորդությունը

Նախկին փոխվարչապետը Ֆրանսիայում մասնակցելու է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի 3-րդ մասի աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլ տվեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանին հունիսի 19-25-ը մեկնել Ֆրանսիա։ Նման միջնորդություն նիստի սկզբում ներկայացրել էր Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Դատարանը որոշեց թույլ տալ Արմեն Գևորգյանին հունիսի 19-25–ը մեկնել Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք` ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի 3-րդ մասի աշխատանքներին մասնակցելու համար»,– նշեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Նշենք, որ Գևորգյանն անցնում է կաշառք ստանալու և անօրինական ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու քրեական գործով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ հավանական ռիսկերի գնահատումը թողնում են դատարանի հայեցողությանը։
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Չավուշօղլուի պահվածքին
Լուսինե Սահակյանը նիստի սկզբում միջնորդել էր նաև դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ վերջինս պատգամավոր է ու անձեռնմխելիություն ունի։ Առաջիկայում կքննվի նաև այդ հարցը։