ԱՊՊԱ չունեցողների տուգանքը կմեղմացվի. խախտումը վերացնողներն արտոնություն կստանան

Վարորդների բողոքի ակցիան ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման Կենտրոնական բանկի մոտ . Արխիվային լուսանկար
ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներն առաջարկում են 4 անգամ նվազեցնել ապահովագրական պայմանագիր չունեցող վարորդների տուգանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը կմեղմացվի։
Նման օրենսդրական առաջարկով են հանդս եկել ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Լիլիթ Կիրակոսյանը։
«Այս նախագծով 4 անգամ թեթևացրել ենք տուգանքի չափը, ինչը իր հետ բերելու է սոցիալական բեռի թեթևացում` միաժամանակ նաև իրավախախտման դեմ պայքարի իրավական արդյունավետություն»,–ԱԺ նիստում ասաց պատգամավոր Արմեն Խաչատրյանը` ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների ու լրացումների նախագիծը։
Օրենքի համահեղինակը նշեց, որ գործող օրենսգիրքն ապահովագրական պայմանագիր չունեցող վարորդների համար նախատեսում է 5 000 դրամ տուգանք` յուրաքանչյուր 10 օրվա համար։ Բայց տուգանքի տարեկան չափը չի կարող գերազանցել 100 000 դրամը։
Ներկայացված նախագծով առաջարկվում է 100 000–ի փոխարեն առավելագույն չափը սահմանել 50 000 դրամ։
Բացի այդ վարորդին հնարավորություն է տրվում տուգանքի արձանագրությունից հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ու լիազոր մարմին ներկայացնելու դեպքում վճարել նշանակված տուգանքի միայն 75 տոկոսը։
«Սրանով մենք քաղաքացիներին նախ հնարավորություն ենք տալիս այն գումարը, որը նախատեսված է տուգանքի համար, ուղղել պայմանագիր կնքելուն, ունենալ և՛ ԱՊՊԱ պայմանագիր, և՛ ազատվել պատասխանատվությունից»,– օրենսդրական առաջարկն այս կերպ մեկնաբանեց Արմեն Խաչատրյանը։
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նախագծի քննարկման ժամանակ նույնպես համաձայնեց, որ տուգանքի ներկայիս գումարն անհամաչափ բարձր է, ուստի ոստիկանությունը ևս դեմ չէ իրավախախտումը հրատապ կերպով վերացնող վարորդների նկատմամբ արտոնություններ սահմանելու առաջարկին։
«ԱՊՊԱ-ն չի թանկանալու»․ ի՞նչ էին պահանջում վարորդները Կենտրոնական բանկից