Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երթևեկությունը կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ «Դալմա Գարդեն մոլից» դեպի մարզահամերգային համալիր (ՄՀՀ) և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի «Դալմա Գարդեն մոլ»: Ըստ քաղաքային իշխանության` վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտ է ամրաշինական միջոցառումներ իրականացնել ապագայում համանման իրավիճակներից խուսափելու համար։
«Այս պահից սկսած` հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով»,– նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։ Արդյունքում երկու արտաքին լուսավորման սյուն է շրջվել, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ։