Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

Տաթևիկ Ռևազյան. Արխիվային լուսանկար
Ռևազյանը նշում է, որ հասել է այն նպատակներին, որոնք դրել էր իր առջև 2018 թվականին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Տաթևիկ Ռևազյանն ազատվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից:
Ռևազյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ կոմիտեում իր աշխատանքային 4 տարիները բնորոշում է որպես «փորձություններով և հաջողություններով լի տարիներ»։
«Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաև անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ և անցնում է շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով»,- գրել է նա։
Ռևազյանը նաև նշում է, որ հասել է այն նպատակներին, որոնք դրել էր իր առջև 2018 թվականին:

Նա նաև հիշեցնում է, որ կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում երկու երեխա է լույս աշխարհ բերել։

Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը` Մոնթեան, ծնվեց 2020 թվականի մայիսի 19-ին։
Երկրորդ հղիության մասին նա հայտնեց 2021 թվականի դեկտեմբերի 15-ին։
2020թ-ի մարտից սեպտեմբեր և 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը Տաթևիկ Ռևազյանը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում։
Տաթևիկ Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հուլիսի 10-ին։