ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը կգլխավորի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:
Հիշեցնենք` ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը մահացել է այսօր։ Սեպտեմբերին նա կդառնար 80 տարեկան։
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թ. սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում: 1946 թ. տեղափոխվել է Երևան:
1964 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66 թթ. աշխատել է Զանգեզուրի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68 թթ. եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70 թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93 թթ. աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, նկարահանվել է հայկական և արտասահմանյան մի շարք ֆիլմերում։
Ռաֆայել Քոթանջյանը 1980 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003 թ.` Ժողովրդական արտիստի կոչումներին, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009 թ.` Գյումրու «Պատվո և նվիրվածության» շքանշանի, 2017 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: