Փաստաբանները պահանջում են ՀՀ-ում անհապաղ կասեցնել Սորոսի գրասենյակի գործունեությունը

Ջորջ Սորոսը. Արխիվային լուսանկար
Աթանեսյանը և Գյուլումյանը դատարանին միջնորդել են կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի Sputnik. Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը միջնորդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել են անհապաղ կասեցնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի (Սորոսի գրասենյակը) գործունեությունը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները` դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ գրասենյակի վերջնական վտարումը մեր հայրենիքից»,–գրել է նա:
Աթանեսյանը նշել է, որ հայցադիմումն ունի բոլոր օրինական հիմքերն ու հիմնավորումները, որոնք թույլ են տալիս դատարանին գործելու «արագ և ի շահ Հայաստանի Հանրապետության»:
Ավելի վաղ Աթանեսյանը հայտնել էր, որ հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (Սորոսի գրասենյակը) լուծարելու պահանջով։