ՆԱՏՕ-ն Թուրքիայից կոշտ դիրքորոշում չէր սպասում Ֆինլանդիայի և Շվեդիայի հարցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը. Արխիվային լուսանկար
Դաշինքի գլխավոր քարտուղարը խոստովանել է` ՆԱՏՕ-ում ոչ ոք հիմք չի ունեցել ենթադրելու, որ սկանդինավյան երկրների անդամակցության հարցում խնդիրներ կառաջանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքը, Ֆինլանդիային և Շվեդիային խոստանալով անդամակցության արագ ընթացակարգ, Անկարայից կոշտ դիրքորոշում չէր ակնկալում: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ինչպես նշել է Ստոլտենբերգը, նախկինում ՆԱՏՕ-ում ոչ ոք հիմք չի ունեցել ենթադրելու, որ սկանդինավյան երկրների անդամակցության հարցում որևէ խնդիր կլինի:
Միաժամանակ, նա նշել է, որ Թուրքիայի մտահոգությունը կարևոր է։

«Թուրքիան կարևոր դաշնակից է։ Երբ դաշնակիցն անվտանգության ոլորտում անհանգստություն է ցուցաբերում, մենք պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի վերաբերյալ նրանց հավաստիացումներին:
Ավելի ուշ Թուրքիան 10 կետից բաղկացած պահանջ է ներկայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության համար։