ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանը հավելեց, որ որոշումը կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել էր 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։