Բելառուսում կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստավորման համակարգ են մշակել

Արյան հետազոտություն
Դիագնոստիկայի արդյունքները հայտնի կլինեն կենսաբանական նյութի ստացումից հետո մի քանի ժամվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Բելառուսում կապկի ծաղկի հայտնաբերման թեստավորման համակարգ են մշակել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Համաճարակաբանության և մանրէաբանության հանրապետական գիտագործնական կենտրոնի (ՀԳԳԿ) տնօրեն Վլադիմիր Գորբունովը։
«Համաճարակաբանության և մանրէաբանության ՀԳԳԿ-ում մի քանի տարի առաջ մշակվել է թեստային համակարգերի ստեղծման տեխնոլոգիա տարբեր վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար։ Խոսքը ՊՇՌ-հավաքածուների մասին է` թե՛ COVID-19-ի, թե՛ Էբոլա տենդի և այլ սակավադեպ հիվանդությունների համար: Այժմ մենք թեստային համակարգ ենք մշակել կապիկի ծաղիկի լաբորատոր ախտորոշման համար»,- Բելառուսի Առողջապահության նախարարության Telegram-ալիքի փոխանցմամբ՝ ասել է Գորբունովը:
Նա նշել է, որ ստանդարդ ՊՇՌ-տեխնոլոգիան մի քանի փուլ է ներառում, այդ թվում` հարուցիչին հատուկ նուկլեոտիդային հաջորդականությունների ընտրություն և մասնագետների կողմից տվյալների բազայից թեստ-համակարգի համար մարկերների ընտրություն։

«Վստահ եմ, որ այս թեստ-համակարգը լայն կիրառում չի ստանա, որովհետև հիվանդության համար լայն տարածումը բնութագրական չէ և չի սպասվում, որ մոտ ժամանակներս Բելառուսում հիվանդներ կհայտնվեն։ Հուսանք` վարակը մեզ չի հասնի։ Բայց մեր կենտրոնը ստեղծված է մեկ քայլ առաջ աշխատելու համար»,- նշել է Գորբունովը։

Նրա խոսքով՝ դիագնոստիկայի արդյունքները հայտնի կլինեն կենսաբանական նյութի ստացումից հետո մի քանի ժամվա ընթացքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` կապիկի ծաղիկի արդեն ավելի քան հազար դեպք է բացահայտվել ոչ էնդեմիկ երկրներում: Սակայն մինչ օրս մահվան ոչ մի դեպք չի արձանագրվել։ ԱՀԿ-ի փորձագետների կարծիքով՝ ոչ էնդեմիկ երկրներում այդ հիվանդության տարածման վտանգն իրական է։ Հատկապես անհանգստություն է առաջացնում վիրուսի տարածման վտանգը բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների և հղի կանանց շրջանում:
Նիդեռլանդներում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 54–ի