Պետք է զերծ մնալ ծայրահեղ ուժի գործադրումից. ԵՄ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանին

Թագուհի Թովմասյան
Հայաստանում ԵՄ դեսպանն արձագանքել է Թագուհի Թովմասյանի նամակին, որում նա խնդրել էր կարծիք հայտնել հունիսի 3-ի դեպքերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Կարևոր է, որ մարդիկ ազատորեն արտահայտեն իրենց կարծիքը կամ անհամաձայնությունը, և իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է զերծ մնան ծայրահեղ ուժի գործադրումից։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակին ի պատասխան հայտնել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Պատգամավորը հունիսի 3-ին Երևանում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հարցով դիմել էր ՀՀ դատախազին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին, միջազգային կառույցներին։
«Անընդունելի է ինչպես ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումը, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցարարների կողմից ուժի գործադրումը։ Բռնի միջադեպերը, ներառյալ հատուկ միջոցների կիրառումը հետաքննության կարիք ունեն։ Որոշ դեպքերում դա արդեն արվում է»,–ասված է ԵՄ դեսպանի նամակում, որը Թովմասյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Նշվում է նաև, որ Վիկտորինը մտահոգություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարին, մշտական կապի մեջ է ՄԻՊ-ի հետ, որը ոստիկանությունից բացատրություններ է պահանջել կիրառված հատուկ միջոցների տեսակների, կիրառման համար թույլատրելի չափանիշներին համապատասխանության, ինչպես նաև տվյալ իրավիճակում դրանց կիրառման անհրաժեշտության մասին։
ԵՄ դեսպանը շեշտել է նաև ատելության խոսքից և սադրանքներից զերծ մնալու կարևորությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ էր կիրառել «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։ Բախումների դեպքերով հարուցված քրեական գործով 10 անձ է կալանավորվել։