Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները. Սիմոնյանը` ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Ալեն Սիմոնյանն ու Դունյա Միյատովիչը
ԱԺ նախագահը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Սիմոնյանը մեծապես կարևորել է Միյատովիչի այն դիրքորոշումը, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է մուտք ունենա ԵԽ անդամ պետություններն ընդգրկող ամբողջ տարածքը` ներառյալ հակամարտության, այսպես կոչված, «գորշ գոտիներ»: Նա նկատել է, որ Արցախը Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածք է, որտեղ ապրում են եվրոպացիներ, և Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները»,–ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին՝ ԱԺ նախագահը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը:
Սիմոնյանն ափսոսանք է հայտնել 2021 թ. հունվարին Դունյա Միյատովիչի՝ Հայաստան և Արցախ նախատեսված այցի չեղարկման համար: Կողմերն ընդգծել են Արցախի դեմ պատերազմի հումանիտար ավերիչ հետևանքների լուծման գործում ԵԽ դերի կարևորությունը: