ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ուկրաինան նոր սադրանք է նախապատրաստում Օդեսայում՝ ժանտախտի զոհերի գերեզմանների հատվածում: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավարությունը, Ուկրաինայի զինված ուժերի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 83-րդ կենտրոնի մասնագետների հետ միասին, հերթական ցինիկ սադրանքն է նախապատրաստում պոտենցիալ վտանգավոր օբյեկտներին հարվածներ հասցնելու համար ռուսական զինված ուժերին մեղադրելու նպատակով, որի իրականացման արդյունքում կարող են տուժել Օդեսայի հարյուրավոր խաղաղ բնակիչներ»,-ասել է նա:
Միզինցևի խոսքով` քաղաքի խիտ բնակեցված շրջանում՝ շրջանային շտապօգնության տեխսպասարկման կայանի մոտ, որտեղ գտնվում է ժանտախտի զոհերի գերեզմանատունը, ուկրաինացի զինվորականները ծրագրում են հակաօդային պաշտպանության համալիր տեղադրել կամ դրա մանրակերտը: Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի կողմից տվյալ օբյեկտին հարված հասցնելու դեպքում ուկրաինական կողմը մտադիր է ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածել Օդեսայում կենսաբանական վտանգի առաջացման մասին, իբր՝ ՌԴ ԶՈւ մեղքով:
Բացի այդ, նշել Է գեներալը, ուկրաինացի զինվորականներն ու ազգային գումարտակների գրոհայինները ԴԺՀ-ի դպրոցներում, կրթական այլ հաստատություններում և քաղաքացիական արդյունաբերության օբյեկտներում տեղակայում են իրենց դիրքերը, ինչպես նաև ծանր սպառազինություն։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Սլավյանսկում, պատանի տեխնիկների կայարանի և №7 դպրոցի շենքերում (Էներգետիկների փողոց) կրակային դիրքեր են կահավորված և տեղակայված են Ուկրաինայի զինված կազմավորումների գրոհայինները, իսկ հարակից տարածքում՝ զրահատեխնիկան և հրետանային զենքերը»,-ասել է Միզինցևը:
Նույնատիպ իրավիճակ է նկատվում Դոբրոպոլիեում՝ գիշերօթիկ դպրոցում, թիվ 4 հատուկ դպրոցում և թիվ 5 վարժարանում, ինչպես նաև թիվ 7 հանրակրթական դպրոցում, Կլեբան-Բիկ գյուղի ջրամղիչ կայանի մոտ և հանրակրթական դպրոցի տարածքում:
«Կրամատորսկում՝ կահույքի ֆաբրիկայի տարածքում, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների շտաբ են տեղակայելու, իսկ հարակից տարածքում տեղակայված են կրակային դիրքեր, տեղադրված է հրետանի»,-պատմել է Միզինցևը:
Միաժամանակ ուկրաինացի ազգայնականները կոշտ կերպով կասեցնում են տեղի բնակիչների՝ այդ բնակավայրերից անվտանգ շրջաններ տարհանվելու բոլոր փորձերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 107-րդ օրը։