«Իշխանությունը ՀԱՊԿ–ում հեղինակազրկեց ՀՀ–ին». ընդդիմադիրները շարժվեցին դեպի Բաղրամյան 26

Գեղամ Մանուկյանը նշեց` այսօրվա իրենց ուղերձն այն է, որ ուզում են ՀԱՊԿ ներկայացուցիչներին ասել` իշխանությունն իրավունք չունի որևէ փաստաթուղթ ստորագրելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26։ Շարժման անդամներից Գեղամ Մանուկյանը նշեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունների առաջին քայլը ՀԱՊԿ–ում Հայաստանին հեղինակազրկելն էր` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովին կալանավորելով։
«Մենք այսօր ուզում ենք բարձրաձայնել, որ ներկայիս իշխանությունը չունի լեգիտիմություն, որպեսզի Հայաստանի կամ Արցախի հետ կապված որևէ համաձայնության գա։ Այս իշխանությունը վաղուց կորցրել է հայ ժողովրդի վստահությունը»,–ասաց Մանուկյանը։
Նշենք, որ ժամը 10։00-ին ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
Երթի մասնակիցները չկարողացան մոտենալ նախագահի նստավայրին, քանի որ Բաղրամյան փողոցում` նախագահի նստավայրին հարակից տարածքում, ոստիկանները պատ են կազմել։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։