ՀՀ և ՌԴ տնտեսվարողները կկարողանան էլեկտրոնային փաստաթղթեր փոխանակել. հանդիպում ՊԵԿ–ում

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ և ՌԴ հարկային ոլորտներում փորձնական ծրագիր է իրականացվում, որով նախանշված մի շարք միջոցառումներ ավարտվել են, իսկ չկատարվածները պետք է ավարտին հասցվեն մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը: Այս մասին երկու երկրների ներկայացուցիչները խոսել են այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման առանցքում է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ Դաշնային հարկային ծառայության միջև ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման փորձնական ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը:
«Շեշտվել է, որ փորձնական նախագծի բարեհաջող իրականացման դեպքում կմշակվի նաև ծրագրի հետագա զարգացման և բոլոր շահագրգիռ անձանց վրա տարածման հարցը, որպեսզի անդրսահմանային առևտրի ժամանակ տնտեսվարող սուբյեկտների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հնարավորություն լինի ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ հարթակում»,–ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:
Տեղական ծխախոտի արտադրության ծավալները Հայաստանում կրճատվել են. ՊԵԿ նախագահ
Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքները:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: