ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Արշակյանն արձանագրել է, որ այս տարին հոբելյանական է. նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետի՝ այս տարվա երկրորդ կեսին մեր երկիր այցելելու հրավերը: Կարծում եմ, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն կտա հոբելյանական տարում նախատեսված միջոցառումներին»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:
Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության օրակարգին՝ համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջև գործընկերային հարաբերություններն անշեղորեն զարգանում են: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է այն փաստը, որ այս տարվա ապրիլին Ստեփանավան քաղաքում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ հատվածում կանգնեցվեց ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը:
Միխայիլ Շվիդկոյը ևս բարձր է գնահատել երկկողմ խորհրդարանական հարաբերությունների մակարդակը և հավելել, որ երկու երկրների միջև ակտիվ զարգանում են կապերը մշակութային, կրթական, հումանիտար և այլ ոլորտներում:
Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ իրենք հետաքրքրված են, որ պատմականորեն այնտեղ ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ և արժանապատիվ կյանքը: Այս հարցում նա ընդգծել է ռուս խաղաղապահների դերակատարությունը:
Քննարկվել են նաև հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: