ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանի «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբն այսուհետ կգլխավորի Վարդան Բիչախչյանը։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից։
«Բիչախչյանն իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է բացառապես հայկական ակումբներ՝ Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: Ընդ որում` հարազատ «Շիրակի» ղեկին անցկացրել է 11 տարի՝ 344 խաղ, թիմի հետ դառնալով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, ինչպես նաև կրկնակի գավաթակիր ու մեկ անգամ էլ՝ սուպերգավաթակիր»,– նշված է հաղորդագրությունում:
Բիչախչյանը ևս 1 անգամ Հայաստանի գավաթի խաղարկությունում հաղթանակի է հասել «Արարատի» ղեկին:
Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում են ներգրավված օգնականներ Ֆելիքս Խոջոյանը, Արտակ Օսեյանը, դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին բժիշկ Կարեն Ստեփանյանը և ֆիզիոթերապևտ Արման Եղիկյանը:
Հիշեցնենք, որ Բիչախչյանը «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել հունվարի 11-ին։ Նա ակումբի ղեկավարությունը ստանձնել էր 2020 թվականի ամռանը։
2021 թվականի հունիսին Բիչախչյանը Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ էր ճանաչվել։