ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վիրահատել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Այժմ նա հետվիրահատական շրջանում է, գտնվում է «Միքայելյան» հիվանդանոցում»,– ասաց փաստաբանը` չմանրամասնելով, թե ինչ վիրահատություն է արվել:
Քանի որ նախկին պաշտոնյան այսօր չէր մասնակցում դատական նիստին, այն հետաձգվեց։
Պաշտպանի խոսքով` հաջորդ նիստը կկայանա հունիսի 24-ին։
Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ և իր որդիների միջոցով։ Իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերին, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանի նկատմամբ, նրան դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքը ևս օրինականացրել է:
Մեղադրական եզրակացության մեկ այլ դրվագով Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը ևս օրինականացրել է:
2017 թվականի ապրիլի 10-ին էլ իր հետ մտերիմ Վրեժ Մարկոսյանին համոզել է վատնել նրան վստահված 3 հեկտար մակերեսով, 672 400 000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը։
Նշենք, որ Աղվան Վարդանյանը կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 4-ին մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նոյեմբերի 2-ին Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվել է ևս երկու ամսով։