Ընդդիմությունը երթ է անում. անցնելու են այն հյուրանոցի մոտով, որտեղ իջևանել է Լավրովը

Վաղն առավոտյան դարձյալ հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, քանի որ վաղը Երևանում նախանշված է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Երևանի կենտրոն։

«Անցնելու ենք նաև այն հյուրանոցի մոտով, որտեղ գիշերում է ՌԴ ԱԳ նախարարը»,- երթից առաջ հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ վաղն առավոտյան դարձյալ հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, քանի որ վաղը Երևանում նախանշված է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։
«Նաև այնտեղ ենք լինելու, մեր պահանջները հնչեցնելու համար»,- ասաց Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը հայտնեց, որ միջոցառման երթուղին է Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներ, Հանրապետության հրապարակ, վերադարձը` Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներով` Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում է եռօրյա այցով։ Հունիսի 10-ին Երևանում նա կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։
Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։