Երբ մենք անցնում էինք պառլամենտական համակարգին, շատերը հույս ունեին, թե դրանով հնարավոր կլինի խուսափել քաղաքացիների խիստ անձնավորված ընտրությունից, բացառել միանձնյա որոշումների կայացումը և թուլացնել լարվածությունը, որը մեզ մոտ արդեն ավանդական էր դարձել նախագահական բոլոր ընտրություններից հետո։ Եվ ի՞նչ ստացանք։ Ճիշտ հակառակը։
Անձի դերը երբեք այդքան մեծ չի եղել, որքան վերջին երկու խորհրդարանական ընտրություններում, ընդդիմությունը մեղադրում է վարչապետին հենց միանձնյա որոշում ներ կայացնելու և խորհրդարանի դերը զրոյացնելու մեջ, իսկ ներքաղաքական լարվածությունը պարզապես պերմանենտ՝ մշտական է դարձել։
Բայց ամենակարևորը՝ նախկին նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել իր խիստ սահմանափակ, արարողակարգային դերի հետ և պատերազմից հետո նույնիսկ կարծիք հայտնեց, որ վարչապետը պետք է հրաժարական տա։
Այսինքն` տարաձայնությունները հասան գագաթնակետին։ Նույն իրավիճակը կարծես թե այժմ Վրաստանում է կրկնվում։
Իշխանությունների և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հարաբերություններն այնքան են լարվել, որ կառավարությունը որոշել է դիմել Սահմանադրական դատարան` պարզելու՝ արդյոք նախագահն իրավունք ուներ ինքնուրույնություն ցուցաբերելու որոշ հարցերում։
Ինչում են մեղադրում Վրաստանի նախագահին։ Առաջին հայացքից ինչ-որ մի արտառոց բան չի արել. պարզապես մի քանի ամիս առաջ ցանկացել է այցելել մի շարք եվրոպական երկրներ ու նաև հանդիպել Եվրամիության ղեկավարների հետ, սակայն կառավարությունից թույլտվություն չի ստացել և այնուամենայնիվ գնացել է Եվրոպա՝ այցելությունը ձևակերպելով որպես մասնավոր։
Բայց շատ ավելի մեծ վրդովմունք է առաջացրել իշխանությունների մոտ այն փաստը, որ նախագահը չի հաստատել դիվանագետներից մեկին ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցչի պաշտոնում։
Կառավարությունը զայրացած ասում է՝ ինչպե՞ս թե, նախագահի միակ պարտավորությունը դեսպաններին հաստատելն է և ոչ թե նրանց նշանակման նպատակահարմարությունը գնահատելը։ Եթե մենք գտնում ենք, որ հենց այս մարդն է դեսպան լինելու, նախագահն առարկելու իրավունք չունի, իսկ նա դիտմամբ մեզ հակառակվում է։
Երևի չեք հերքի, որ այս մտածելակերպը՝ «մեզ ժողովուրդն է ընտրել, և ոչ ոք իրավունք չունի նույնիսկ ամենափոքր հարցերում հակառակվելու մեզ հետ», բոլորովին էլ զուտ վրաստանյան երևույթ չէ։
Ամեն օր մեզ մոտ՝ Հայաստանում ենք նույնը տեսնում։ Վերլուծաբանները, սակայն, համոզված են, որ իշխանությունների և նախագահի հակամարտության պատճառը Ռուսաստանի հատուկ գործողություններն են Ուկրաինայում։
Ինչպես գիտեք` Վրաստանի կառավարությունը բավական զուսպ դիրքորոշում է որդեգրել և չի միացել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։
Ավելին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ իր երկրի պահվածքը պետք է արագացնի Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը Թբիլիսիին։ Տրամաբանությունը սա է` մեջբերեմ. «Եվրոպայի խոշորագույն երկրում՝ Ուկրաինայում, լայնածավալ պատերազմ է ընթանում։ Եվ Եվրամիության որոշ երկրներ մտավախություն ունեն, որ այդ ամենը Ուկրաինայից կտարածվի Եվրոպայով մեկ։ Այս պարագայում Վրաստանը չի միջամտել և պահպանել է խաղաղությունն ու կայունությունը՝ լրացուցիչ պրոբլեմներ չստեղծելով Եվրոպայի համար»։
Սալոմե Զուրաբիշվիլին այսպես է արձագանքել. «Ես նման բաներ չէի ասի»։
Այսինքն, նախագահը հրապարակայնորեն ակնարկել է, որ բոլորովին չի կիսում Վրաստանի իշխանությունների պահվածքը։ Ակնհայտ է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի դիրքորոշումը նախընտրելի է մանավանդ Բալթյան հանրապետությունների և Լեհաստանի համար, որոնց ագրեսիվ տրամադրությունները հայտնի են։
Հենց այս շաբաթ Եվրախորհրդարանի երկու լիտվացի պատգամավորներ բաց նամակ են հրապարակել, որում մեղադրում են Վրաստանի իշխանություններին եվրաինտեգրման ուղուց շեղվելու համար և զգուշացնում վրացիներին՝ պատրա′ստ եղեք հիասթափության. Եվրամիությունը միգուցե չբավարարի անդամության ձեր հայցը։
Համաձայնե′ք` Սալոմե Զուրաբիշվիլին հիմա լրիվ իրավունք ունի ակնարկելու՝ բա որ ասո՜ւմ էի, տեսա՞ք` ինչ եղավ։
Ինչ կարող են անել Վրաստանի իշխանությունները նախագահին սանձելու համար։ Իհարկե, ամենահեշտ տարբերակն այն է, որը կիրառվեց Հայաստանում՝ նշանակել հլու-հնազանդ նախագահ, որը երբեք ոչ միայն հակառակվելու, մի թեթև առարկելու փորձ անգամ չհամարձակվի անել։
Բայց դրա համար նախ պետք է այնպես անել, որ ըմբոստ նախագահը հեռանա։ Բա որ չգնա՞։