Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը չկայացավ. վկան անհարգելի բացակա էր

Սերժ Սարգսյան
Սևան Քոչարյանը գործով առանցքային վկաներից մեկն է. նրա ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց 1 ամսով` մինչև հուլիսի 7-ը։
«Այսօր նշանակված էր վկայի հարցաքննությունը, սակայն նա չէր ներկայացել դատարան, վկայի բացակայությունը դատարանը անհարգելի է համարում, դատական նիստը պետք է հետաձգվի»,- հայտարարեց դատավոր Վահե Միսակյանը։
Նա տեղեկացրեց, որ հաջորդ նիստը կկայանա հուլիսի 7-ին` ժամը 14:00-ին։
Այսօր դատարանը պետք է հարցաքններ գործով վկա Սևան Քոչարյանին, որը գործով առանցքային վկաներից մեկն է. նրա ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը։ Սերժ Սարգսյանի պաշտպանները նախապես հայտարարել էին, որ կարևոր հարցադրումներ ունեն ուղղելու վկային։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Նրանք երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։