ՀՀ փոխվարչապետը հանդիպել է օտարերկրյա ներդրումներով զբաղվող ընկերությունների ղեկավարներին

Համբարձում Մաթևոսյանը քննարկել է ներդրումային ոլորտում խնդիրների լուծման միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր։ Տեղեկությունը հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը` հավելելով, որ փոխվարչապետը «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ։

«Փոխվարչապետը լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, առկա խնդիրներն ու պետական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել դրանց լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:
Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ 2021թ-ին Հայաստանում իրականացված ներդրումների ծավալը 2020թ-ի ճգնաժամային տարվա համեմատ ավելացել է 742.4 մլն դոլարով` նախորդ տարվա 416.9 մլն-ի փոխարեն, կազմելով 1 մլրդ 159.3 մլն դոլար։ 1 մլրդ 159.3 մլն դոլարից 435.8 միլիոնն օտարարերկրյա ներդրումներն են։
Հայաստանի օտարերկրյա ներդրողների ցանկում 2021-ին առաջին հորիզոնականում եղել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը, որը ՀՀ-ին տարբեր ծրագրերով տրամադրել է 143 մլն դոլար, երկրորդը Գերմանիան է (118.7 մլն դոլար), երրորդը` Ռուսաստանը (69 մլն դոլար), չորրորդ տեղում Իտալիան է (51 մլն դոլար), հինգերորդը` Արգենտինան (30,8 մլն դոլար)։ Իրանը ՀՀ օտարերակրյա ներդրող երկրների շարքում վեցերորդն է։