ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի փոփոխություններին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև 2 տարի 3 ամիս մարման ժամկետով։
«Բացի խաղողից, այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև 1 տարի 3 ամիս մարման ժամկետով։ Յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը»,– ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` այս տարի պտուղ–բանջարեղեն մթերող կազմակերպություններից ստացված տեղեկությունների համաձայն` հունիսի 7-ի դրությամբ մթերումների կանխատեսվող ծավալները հասնում են 149 հազար 300 տոննայի` անցած տարվա 80 հազար տոննայի համեմատ։
Նախարարն ընդգծեց, որ 2021 թվականին նոր գործիք էր մտցվել, որով պետությունը մասնակիորեն երաշխավորում էր մթերման համար տրվող վարկերը, որպեսզի մթերող կազմակերպությունները կարողանան մթերել այնքան, որքան իրենց պետք է, ոչ թե այնքան, որքան գրավի չափն է։ Անցյալ տարի խաղող և պտուղ–բանջարեղեն մթերող 9 կազմակերպության տրամադրվել է 5.4 մլրդ բյուջետային երաշխիք։
Լրագրողների հետ ճեպազրույցում էլ Քերոբյանը գյուղացիներին և մթերողներին կոչ արեց մինչև հուլիսի 1-ը կնքել խաղողի մթերման պայմանագրեր, որպեսզի ապագա գործարքի վերաբերյալ վստահություն լինի։