«Նոր կապիտուլյացիա չի լինելու». Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմության երթը դեպի ԱԳՆ

Քայլերթի մասնակիցների ձեռքին ռուսերենով գրված պաստառներ են` «Նոր կապիտուլյացիա չի լինելու», «Նիկոլը մեզ չի ներկայացնում»։
Sputnik
Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմության երթը։
Քայլերթի մասնակիցների ձեռքներին ռուսերենով գրված պաստառներ են` այսպիսի բովանդակությամբ. «Նոր կապիտուլյացիա չի լինելու», «Նիկոլը մեզ չի ներկայացնում»...
Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Հայտնել ենք, որ հունիսի 8-ին 3-օրյա այցով ՀՀ է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ պետք է ռազմավարական դաշնակցին տեղեկացնեն, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի հայ ժողովրդի անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի:
Այսօր ժամը 10։20-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիս կտան:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։