Բազմաթիվ հարցերում Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում. Միրզոյան

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարի խոսքով` Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում հնարավոր չէ չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ դրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական հարաբերություններում կան մի քանի ուղղություններ, որոնցով բանակցություններ են ընթանում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Անշուշտ, բազմաթիվ հարցերում երկու երկրների պատկերացումները չեն համընկնում։ Բայց հենց դրա համար էլ բանակցություններ են ընթանում, որպեսզի փորձենք այդ կետերի շուրջ համաձայնություն գտնել, իհարկե փոխզիջումների տարբերակով։ Մենք հավատում ենք խաղաղության գործընթացին»,–ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում հնարավոր չէ չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ դրան։ Միրզոյանը նշեց, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, քանի որ դա է միջազգային այն ձևաչափը, որը ստեղծվել է ԼՂ հարցում խաղաղ կարգավորում գտնելու նպատակով։
Միրզոյանը հիշեցրեց, որ բանակցություններ են ընթանում նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով։ Ըստ էության, բանակցություն ասելը մի փոքր չափազանցված է, սակայն, ըստ Միրզոյանի, դրանց սկիզբը դրված է, մեկնարկը` տրված։
ԱԳ նախարարը հավելեց, որ որոշակի դրական տեղաշարժ են տեսնում տարածաշրջանային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով. սխալ կլինի ասել, որ կա լիարժեք պատկերացում, սակայն կա դրական տեղաշարժ։
Միրզոյանի խոսքով` հայ գերիներին ազատ չարձակելը, Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմը խանգարում են այս գործընթացներին։
Կառուցողական չէ հայ–թուրքական հարաբերությունները կապել հայ-ադրբեջանականի հետ. Միրզոյան