Այստեղ մեկմեկու լսելու համար ստիպված ես մի քիչ բղավելով խոսել, որովհետև հղկող, կտրող, եռակցող սարքերի աղմուկը խլացնում է ամեն ինչ․աշխատանքը եռում է, աչքի առաջ անդեմ քարից, մետաղի ջարդոնից արվեստի գործեր են ծնվում։ Ապարանի Վերածնունդ հուշահամալիրի քանդակների պուրակում «Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումն է։ Այստեղ արդեն երկրորդ շաբաթն է՝ աշխարհի տարբեր երկրներից ու Հայաստանի տարբեր կողմերից ժամանած 14 ազգությունների 16 քանդակագործներ աշխատում են կողք կողքի։
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից
© Sputnik / Aram Nersesyan
Նախաձեռնողն ու իրականացնողն Ապարանի համայնքապետարանն է։ Նպատակներից մեկը տարածաշրջանում արտտուրիզմի զարգացումն է։ Սիմպոզիումի օրերին պուրակը դառնում է արվեստանոց` բաց երկնքի տակ։ Արվեստի սիրահարները կարող են գալ, հետևել, թե ինչպես են աշխատում քանդակագործները, զրուցել նրանց հետ։ Նաև երրորդ տարին է՝ պուրակում ստեղծվող քանդակները մասնակից արվեստագետները նվիրում են քաղաքին։
Կանտա Կիշորե, Հնդկաստան
Հնդիկ քանդակագործ Կանտան Կիշորեն արդեն երկրորդ անգամ է մասնակցում, ուստի երկրորդ քանդակն է նվիրում քաղաքին․այս անգամ` «Բնության ձայնը»։ Արվեստագետի մտահղացմամբ՝ երբ քամի փչի, քանդակից մեղմ, զանգակի ձայն կլսվի։
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիում մասնակից Կանտա Կիշորեն
© Sputnik / Aram Nersesyan
Ասում է՝ մեծ ուրախությամբ է իր ստեղծագործությունները Հայաստանում թողնում, քանի որ շատ է սիրում մեր երկիրը։ Ի դեպ, Կանտան նաև երկու անգամ մասնացել է Արցախում անցկացվող Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության միջազգային սիմպոզիումին, երկու քանդակ Շուշիին է նվիրել։
Իլյա Միշանին, Ռուսաստան
Իլյան ինչ իրեն հիշում է՝ քանդակագործությամբ է զբաղվում․ քանդակագործների ընտանիքից է։ Ասում է՝ այս սիմպոզիումին վաղուց էր ուզում մասնակցել, նախորդ անգամ հայտը չընդունվեց, բայց դրանից ո՛չ հիասթափվեց, ո՛չ էլ սիմպոզիումից նեղացավ․այս տարի էլ փորձեց ու մասնակցության հրավեր ստացավ։
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիում մասնակից Իլյա Միշանինը
© Sputnik / Aram Nersesyan
«Աշխատանքս անվանել եմ «Ծաղիկ», քանդակել եմ կին և տղամարդ, իսկ իրենց մեջտեղում էլ՝ ծաղիկ, որը երեխա կամ պարզապես սեր է խորհրդանշում»։
Հայաստանում է առաջին, բայց հաստատ գիտի՝ ոչ վերջին անգամ։ Շատ է սիրել մեր երկիրը, ուզում է սիմպոզիումի ավարտից հետո էլ մի քանի օր մնալ, որ ավելին տեսնի։ Լավ ընկերներ է ձեռք բերել, հիմա Հայաստան ու հատկապես Ապարան վերադառնալու ևս մեկ պատճառ ունի՝ իր քանդակը։
Իլյա Միշանինը աշխատելիս
© Sputnik / Aram Nersesyan
Քանդակագործության միջազգային սիմպոզիումի նպատակներից մեկն էլ բնապահպանական է՝ ցույց տալ, որ թափոնից կարելի է արվեստ ստեղծել։
Մարիոլա Վավռզուսիակ, Լեհաստան
Մարիոլան արդեն 25 տարի է՝ քանդակով է զբաղվում, հատուկ տեխնիկայով է աշխատում, որը, խոստովանում է` բարդ ու ծանր է կնոջ համար։ Միաժամանակ այդ ծանրությունը հաղթահարելով՝ ինքն իրեն ապացուցում է, որ ուժեղ է։
Հայաստանում իրեն շատ լավ է զգում, տպավորված է մշակույթով, ջերմ մարդկանցով, որոնք պատրաստակամ են օգնել անգամ անծանոթին։
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Մարիոլա Վավռզուսիակը
© Sputnik / Aram Nersesyan
«Քանդակել եմ հիպոգրիֆ (առասպելական կենդանի)՝ ուժի, արագության, խիզախության խորհրդանիշ է։ Հիպոգրիֆն ասոցացնում եմ ձեր ժողովրդի, երկրի հետ, այս խորհուրդը ձեր զինանշանի վրա առյուծն ու արծիվն են փոխանցում»։
Մարիոլան նշում է՝ ինչպես ինքն այս քանդակը ստեղծելով ապացուցեց, որ կարող է, այդպես էլ մեր երկիրն է հաղթահարելու բաժին հասած դժվարությունները։
Դաչի Ծերեթելի, Վրաստան
Դաչին ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն է՝ 24 տարեկան է։ Սա կյանքի առաջին միջազգային սիմպոզիումն է, նաև առաջին անգամ է Հայաստանում։ Դաչին էլ Մարիոլայի նման աշխատում է մետաղե թափոններով։ Ժանգոտած մետաղի կտորներով պատկերել է տավիղ նվագող կենտավրոս՝ կիսամարդ-կիսաձի։
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Դաչի Ծերեթելին
© Sputnik / Aram Nersesyan
Դաչին սիրել է Ապարանը՝ օդը մաքուր է, ուտելիքը համեղ է, աշխատելու համար շատ նյութ կա, ուստի պայմանները կատարյալ է անվանում։ Իր հոգուց մի կտոր դրել է քանդակի մեջ, որն էլ այստեղ է թողնելու, հետևաբար առանձնահատուկ կապ է ստեղծելու իր և Հայաստանի միջև։
Քանդակագործության սիմպոզիումին նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները ներկայացնող արվեստագետներ են մասնակցում։ Այս տարի ներկայացված են հունական, ուդիական, ասորական և եզդիական համայնքները։
Սիմյոն Յակուբով, ասորական համայնք
Սիմյոնը ինքնուս քանդակագործ է, աշխատում է տարբեր նյութերով, այս սիմպոզիումի շրջանակում բացահայտում դարձավ քարը։ Ասում է՝ այլ զգացողություն է, երբ քարի նման պինդ նյութը ենթարկեցնում ես, մի քիչ էլ ինքդ քեզ կոտրում ես, որ մտահղացումդ ստացվի։
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Սիմյոն Յակուբովը
© Sputnik / Aram Nersesyan
Որպես ասորական համայնքի ներկայացուցիչ քանդակել է լամասու՝ Միջագետքի դիցաբանության առասպելական արարած, որը համարվում էր մարդու և տան պահապան ոգին։
Բաքր Թամոյան, եզդիական համայնք
Բաքրը սիմպոզիումի ամենաերիտասարդ մասնակիցն է՝ 23 տարեկան է։ Հիմնականում աշխատում է կավով, գիպսով, մարմարով։ Այս սիմպոզիումը հնարավորություն է տվել ներկայացնելու ազգային մշակույթը։ Բաքրը սիրամարգ-հրեշտակ է քանդակել՝ Մալաք-Թավուս, գլխի 3 փետուրներով։
«Էթնոարվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակից Բաքր Թամոյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Ծրագրեր ունեի նման քանդակ Երևանում ստեղծել, բայց այս շրջանում եզդիներն ավելի շատ են, անցուդարձն էլ՝ ավելի ակտիվ, դրա համար որոշեցի, որ սիրամարգն այստեղ լինի»։
Բաքրն ասում է՝ ուզում է իր մասնակցությամբ ու աշխատանքով նաև ցույց տալ, որ եզդիները միայն անասնապահ կամ հողագործ չեն, կարող են հաջողությունների հասնել նաև կրթության, մշակույթի ոլորտներում։ Ոգևորված է սիմպոզիումից, արդեն նոր ծրագրեր էլ ունի իր ազգի մշակույթի մասին քանդակի լեզվով պատմելու համար։
Բաքր Թամոյանը քանդակը ստեղծելիս
© Sputnik / Aram Nersesyan
Ապարանի քանդակագործության միջազգային սիմպոզիումն ավարտվում է հունիսի 10-ին։ Նախորդ սիմպոզիումներից այս պուրակում արդեն 32 քանդակ կա, ևս 16-ը կհամալրեն նրանց շարքը մի քանի օրից։