ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Wildberries ընկերությունն իր նոր ֆինանսական քաղաքականության շրջանակում միջազգային գործընկերների հետ գործարքները կկարատի ազգային արժույթով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Wildberries–ի մամուլի ծառայությանը։
«Wildberries առցանց հարթակը միջազգային ներկայացուցիչների հետ գործարքների է անցել նրանց ազգային արժույթով։ Բելառուսի գործարարներին փոխանցումներն իրականացվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանի գործարարներին` տենգեով, Հայաստանինը` դրամով, Ղրղզստանինը` սոմով, Ուզբեկստանինը` սումով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ֆինանսական նոր քաղաքականությունը տարածվում է ինչպես վաճառողների, այնպես էլ պատվերների հանձնման գործընկերային կետերի և գործընկերային տեսակավորման կենտրոնների սեփականատերերի վրա։
Ընկերությունը նշում է, որ ֆինանսական նոր քաղաքականությունը թույլ է տալիս փոխադարձ հաշվարկներն էլ ավելի թափանցիկ դարձնել, ամրապնդել տարածաշրջանային արժույթները։
Հիշեցնենք, որ Wildberries ընկերությունը Հայաստանում բացել է իր առաջին լոգիստիկ կենտրոնը, ինչը բիզնեսի տեղական ներկայացուցիչներին թույլ է տալիս ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել հարթակում։