ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Վարչական դատարանը մերժել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանը:
«Դատարանի աշխատակազմից հեռախոսով տեղեկացել եմ, որ ներկայացված հայցը մերժվել է։ Սակայն որոշումը դեռ չենք ստացել, ուստի չգիտենք, թե որն է եղել նման որոշում կայացնելու հիմքը»,–ասաց Ստեփանյանը։
Հարցին, թե արդյոք կբողոքարկեն որոշումը, Ստեփանյանը պատասխանեց` նման հարց այժմ քննարկել չեն կարող, քանի դեռ որոշումն իրենց ձեռքում չէ։
Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը 2021 թվականի փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնել էր նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը։
ՀՀ նախագահը Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանը ստորագրել էր 2021-ի մարտի 10-ին։
Օնիկ Գասպարյանը դատարան էր դիմել պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով իրեն ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։