Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների Ռուսաստան է գործուղում

Վահան Քերոբյան
Գործուղումից վերադառնալուց հետո Վահան Քերոբյանը պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն է գործուղում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Ազգալդյանին։ Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Ըստ այդ որոշման` պաշտոնյաները առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով հունիսի 10-12-ը Վլադիկավկազում կլինեն։
Էկոնոմիկայի նախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։
Հիշեցնենք` Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնել էր, որ հունիսի 11-ին Լարսի անցակետում հանդիպելու է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ, որպեսզի միասին հասկանան, թե Վերին Լարսի թողունակությունն ավելի արագացնելու ինչ հնարավորություններ ունեն: Հանդիպմանը ներկա են լինելու նաև ռուսական մաքսային և ճանապարհային ծառայությունների ներկայացուցիչներ։