Կիևը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ ընդունել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը

ԵՄ-ն փետրվարի վերջից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեց փաթեթ է սահմանել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել ԵՄ-ին անհապաղ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը ընդունել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համար, բայց արդեն յոթերորդ փաթեթն է պետք։ Եվ անհապաղ։ Առավել ևս, որ դեռ վեցերորդի ժամանակ ես շատ հավաստիացումներ եմ ստացել, որ յոթերորդ փաթեթը չի ուշանա։ Մենք հասկանում ենք, որ եվրոպական որոշ քաղաքական գործիչներ հիմա կսկսեն ասել, որ պետք է «սպասել», «մտածել», «ուսումնասիրել սահմանված պատժամիջոցների ազդեցությունը»։ Ուկրաինան կտրականապես մերժում է պատժամիջոցների հարցով «սպասելու» առաջարկները», - «Ֆեյսբուքում» (ՌԴ-ում արգելված ծայրահեղական սոցցանց) գրել է Կուլեբան։
Նրա խոսքով՝ նա ԵՄ-ին ուղղված նամակ է ստորագրել 7-րդ փաթեթի վերաբերյալ կոնկրետ առաջարկներով։ Դրանց թվում են նոր անձնական պատժամիջոցները, ոլորտային պատժամիջոցները էներգետիկայի, ֆինանսների և առևտրի ոլորտներում, ինչպես նաև «պատժամիջոցներից խուսափելու համար շրջանցելու բոլոր սողանցքները» փակելու ուղիները:
«Գլոբալ խնդիր է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ G7-ի և այլ առաջատար խաղացողների համար՝ սպանել ռուսական արտահանումը», - ավելացրել է Կուլեբան:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 105-րդ օրը։