ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իրանը որոշում է ընդունել միջուկային օբյեկտների տարածքում ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) բոլոր այն տեսախցիկներն անջատելու մասին, որոնց տեղակայումը դուրս է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներից: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Որոշում է ընդունվել, որ մենք կդադարեցնենք մեր համագործակցության մի մասը, որը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս էր և մեր բարի կամքն էր, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկներով տեղեկատվության ձայնագրումը»,-ասել է նա։
Դրա հետ մեկտեղ Քամալվանդին նշել է, որ գործակալության հսկման տեսախցիկների մոտ 80 տոկոսը ենթակա է այդ պայմանագրի գործողությանը: «Թեհրանը շարունակում է պահպանել այդ պայմանագիրը»,—եզրափակել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն օգտագործել է ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի փաստաթղթերը՝ միջուկային զենքի ստեղծման աշխատանքները թաքցնելու համար: Նշվում է, որ Իրանը գործակալության հաշվետվություններին հասանելիություն է ստացել գրեթե 20 տարի առաջ, երբ դրանք փոխանցվել են իրանցի պաշտոնյաներին: Փաստաթղթերը և դրանց ուղեկցող պարսկերեն գրառումները թույլ են տալիս հասկանալ, թե ինչպես է Թեհրանը տեղեկատվությունն օգտագործել ռազմական միջուկային ծրագրերի մասին տեղեկությունները թաքցնելու համար։