ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Համաշխարհային բանկը վերանայել է Հայաստանի տնտեսական կանխատեսումը` այն նվազեցնելով 3 տոկոսով։
Արդյունքում, ըստ ՀԲ-ի` 2022թ-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 3,5% , 2023-ին` 4,6%:
Նոր կանխատեսումը ներկայացված է ՀԲ-ի` «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» 2022թ-ի հունիսյան զեկույցում։
Նույն չափով ՀԲ-ը նվազեցրել է նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական աճի կանխատեսումը։
Իսկ համաշխարհային տնտեսության համար ՀԲ-ի մասնագետները կտրուկ անկում են կանխատեսում` 2021-ին գրանցված 5,7%-ի փոխարեն, 2022թ-ին տնտեսական աճը, ըստ կանխատեսման, կկազմի ընդամենը 2,9%:
Կորոնավիրուսի համավարակի և ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ՀԲ-ի հաշվարկով զարգացող տնտեսություններում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտներն այս տարի շուրջ 5%-ով ավելի ցածր կլինեն, քան նախահամաճարակային 2019 թ-ին։
Հետաքրքրական է, որ համաշխարհային տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը ՀԲ մասնագետները համեմատում են 1970-ականների հետ` ֆինանսատնտեսական համաշխարհային շուկաներում ու հատկապես զարգացող տնտեսություններում նոր ճգնաժամեր կանխատեսելով։
Զեկույցում նշվում է, որ էներգակիրների գների աճը կհանգեցնի իրական եկամուտների նվազման, արտադրության ավելի բարձր ծախսերի, վարկավորման պայմանների խստացման, հատկապես` վառելիք ներկրող երկրներում:
Արդյունքում` զարգացած տնտեսություններում այս տարի կանխատեսվում է 2,6% աճ` 2021-ի 5,1%-ի փոխարեն։
Ուկրաինական իրադարձությունների տնտեսական հետևանքները մեղմելու համար ՀԲ-ը համաշխարհային տնտեսությանն առաջարկում է գլոբալ գործողություններ իրականացնել նավթի և պարենամթերքի գների աճի հարվածը մեղմելու, պարտքերի մարումը արագացնելու և ցածր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումներն ընդլայնման համար: