Հայ ուսանող-բժիշկներին հրավիրում են Արխանգելսկում սովորելու

Արխանգելսկ. Արխիվային լուսանկար
Արխանգելսկի մարզի ներկայացուցիչները շեշտել են քույր-քաղաք Ջերմուկի, ինչպես նաև Հայաստանի այլ տարածաշրջանների և ձեռնարկությունների հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՌԴ պետական ծրագրով ուսուցում անցնող հայ ուսանողները կարող են սովորել նաև Արխանգելսկի բուհերում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Անտոն Բերյանևը Արխանգելսկի մարզից ժամանած պատվիրակության (մարզպետի առաջին տեղակալ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ) հետ հանդիպման ժամանակ։
Բերյանևը հիշեցրել է, որ ՌԴ «Կրթության զարգացում» պետական ծրագրով հայաստանցի ուսանողները հնարավորություն են ստանում անվճար սովորել Ռուսաստանի առաջատար բուհերում: Ընդ որում, բժշկական ուղղության պահանջարկը ամենաբարձրերից մեկն է. ցանկացողների թիվը գերազանցում է քվոտան, ընդգծել է նա:
Փոխմարզպետ Վահե Պետրոսյանը պատմել է մարզի ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Սևմաշ» համալիրի մասին, որը տեղակայված է Սևերոդվինսկում և լայնորեն հայտնի է սուզանավերի թողարկմամբ:
Մարզի տնտեսական զարգացման, արդյունաբերության և գիտության նախարար Վիկտոր Իկոննիկովն իր հերթին նշել է, որ տեղի վարչակազմը շահագրգռված է Արխանգելսկի և հայկական շրջանների միջև կապերի զարգացմամբ:
Նշենք, որ Արխանգելսկը և հայկական Ջերմուկը քույր-քաղաքներ են։ Վահե Պետրոսյանը, որը նախկինում ղեկավարում էր «Աերոպորտ Արխանգելսկ» ընկերությունը, ուսումնասիրել է դեպի Ջերմուկ առողջարանային չվերթներ կազմակերպելու հնարավորությունները: